«Ազգային երգ ու պար» առարկան տեսանելի ապագայում պարտադիր կդառնա բոլոր դպրոցների համար: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ առարկան արդեն ներդրվել է 12 դպրոցներում:
«Ծրագրի արդյունքների հիման վրա հավակնություն ունենք տեսանելի ապագայում այն դարձնել պարտադիր բոլոր դպրոցների համար, որպեսզի «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվի առնվազն 5-7-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամ՝ լրամշակված կրթական ծրագրով, որն իր մեջ կներառի ինչպես երգեցողության դասեր, այնպես էլ պարի դասեր: Ծրագիրն իրականացվում է մշակութային գործիչների հետ միասին: Փորձարկումներից հետո մենք արդեն պատրաստ կլինենք ծրագրի հանրային ներկայացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը: Ծրագիրը, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, փորձարկվում է Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Երևանի թիվ 11, 20, 52, 92, 131, 150, 162 և 200 հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 և Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցներում: Նոր առարկան փորձնական եղանակով դասավանդվում է դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին: «Ազգային երգ ու պար»-ի շնորհիվ աճող սերունդը ստանում է հայրենասիրական դաստիարակություն: Առարկայի փորձարկումը դպրոցներում սկսվել է այս տարվա սեպտեմբերից: Համապատասխան մեթոդաբանական ձեռնարկները, տեսասկավառակները կօգնեն ուսուցչին և երեխաներին: |
Archives
Март 2019
|